Մատչելի հղումներ

«Համասում» քննում են Գազայում հրադադարի վերաբերյալ Իսրայելի առաջարկը


Իսրայելացի զինվորը քայլում է տանկերի մոտ, որոնք կայանված են Իսրայելի և Գազայի հարավային սահմանի մոտ, 2024 թվականի ապրիլի 28:
Իսրայելացի զինվորը քայլում է տանկերի մոտ, որոնք կայանված են Իսրայելի և Գազայի հարավային սահմանի մոտ, 2024 թվականի ապրիլի 28:

Գազայում ավելի քան կես տարվա ռազմական գործողություններից, բազմաթիվ զոհերից ու գրեթե համատարած ավերածություններից հետո «Համասը» հայտարարել է, թե ուսումնասիրում է զինադադարի վերաբերյալ Իսրայելի առաջարկը։

Թել Ավիվում շարունակվում են բողոքի ակցիաները․ մարդիկ պահանջում են Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի պաշտոնանկությունը և նոր ընտրություններ:

Reuters-ի հետ զրույցում ցույցի մասնակիցներից մեկը՝ Նադավ Զոհարն ասում է․ «Իմ ցանկությունն է, որ ընտրություններն անցկացվեն ոչ թե մեկ-երկու տարի հետո, այլ հենց հիմա, որքան հնարավոր է շուտ։ Ցանկանում եմ, որ բոլոր պատանդները վերադառնան, քանի որ տեսնում եմ՝ կառավարությունը չի ուզում նրանց վերադարձնել»։

Բողոքի ակցիայի մասնակիցների խոսքով, Նեթանյահուի կառավարությունը բավարար ջանքեր չի գործադրում պատանդներին տուն վերադարձնելու ուղղությամբ, չնայած վերջերս հնչած հավաստիացումներին, թե Իսրայելը կուժեղացնի ինչպես քաղաքական, այնպես էլ ռազմական ճնշումը «Համասի» նկատմամբ:

 Գազայում հրադադարի վերաբերյալ Իսրայելի առաջարկը «Համասում» քննում են
please wait

No media source currently available

0:00 0:03:29 0:00

Նեթանյահույի գլխավորած կառավարության դեմ բողոքի ակցիաները բռնկվեցին անցած տարվա հոկտեմբերի 7-ի հրեական պետության դեմ «Համասի» գրոհից հետո, ինչի հետևանքով Իսրայելում սպանվեց մոտ 1 200 հոգի, առևանգվեցին շուրջ 240-ը, որոնցից մոտ 130-ը դեռ պատանդ են:

Նախորդ շաբաթվա ավարտին «Համասը» մի տեսանյութ հրապարակեց՝ ներկայացնելով պատանդներ Քիթ Սեյգելի ու Օմրի Միրանի խոսքն ուղղված իրենց ընտանիքներին: Reuters-ը նշում է, թե չի կարողացել ճշտել՝ ե՞րբ ու որտե՞ղ է արվել նկարահանումը։

«Համասի» վերահսկողության ներքո գտնվող Գազայի առողջապահության ծառայության համաձայն, շրջանում ծավալված ռազմական գործողությւոնների հետևանքով արդեն իսկ զոհվել են ավելի քան 34 հազար պաղեստինցիներ:

Հակամարտության երկու կողմերից շարունակում են հնչել զինադադար հաստատելու կոչեր, որի արդյունքում պատանդները պետք է տուն վերադառնան:

Այս ամենի ֆոնին՝ Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Ռիյադում կայացած Համաշխարհայաին տնտեսայկան ֆորումին իրավիճակին անդրադարձել է Պաղեստինյան ինքնավարության նախագահ Մահմուդ Աբասը․ «Առաջին բանը, որ խնդրում ենք, հրադադարն է։ Երկրորդ՝ ցանկանում ենք, որ մարդասիրական օգնությունը կարողանա հասնել պաղեստինցի ժողովրդին: Դրա կարիքը զգում են ողջ Գազայում»։

Աբբասը հավելել է, որ պաղեստինցիների համար անընդունելի է մարդկանց տեղահանությունը Գազայից կամ Արևմտյան ափից՝ պաղեստինյան տարածքներից դուրս գտնվող վայրեր:

Բուն Գազայի հատվածում չեն դադարում ռազմական գործողությունները։ Ըստ Associated Press-ի, անցած շաբաթ-կիրակի օրերին Ռաֆահ քաղաքում իսրայելական ավիահարվածի հետևանքով զոհվել է առնվազն վեց մարդ, որոնցից չորսը երեխաներ:

ՄԱԿ-ի տվյալների համաձայն, մինչ ռազմական գործողությունները 275 հազար բնակչություն ունեցող Ռաֆահում ներկայում բնակվում է մոտ 1․4 միլիոն մարդ՝ ավելի քան հինգ անգամ շատ:

Բողոքի ցույցերը չեն դադարում նաև Միացյալ Նահանգների ուսումնական հաստատություններում։ Հիմնականում՝ ուսանողությունը բողոքում է Իսրայելին ցուցաբերվող ամերիկայան ռազմական օգնության դեմ՝ պահանջելով դադարեցնել ԱՄՆ աջակցությունն Իսրայելին։ Ձերբակալվել են հարյուրավոր ցուցարարներ:

Զուգահեռաբար՝ հայտնի է, որ ԱՄՆ Կոնգրեսի կողմից օրերս հաստատված և արտերկրին օգնելու համար նախատեսված հայտնի՝ 95 միլիարդ դոլար պարունակող փաթեթում գումարներ են առանձնացված նաև Գազայի հատվածին մարդասիրական աջակցություն ցուցաբերելու նպատակով։

Մյուս կողմից, տարածաշրջանաիան երկրները նույնպես չեն դադարեցնում իրենց ջանքերը՝ հասնել Գազայում զինադադարի հաստատմանը։ Եգիպտական պատվիրակությունը օրերս հանդիպել է Իսրայելի կառավարության ներկայացուցիչներին՝ բանակցելու զինադադարի հաստատման շուրջ։ The Wall Street Journal-ի հաղորդմամբ, Կահիրեի առաջարկը նախատեսում է առնվազն 3-շաբաթյա հրադադար, Ռաֆահի ուղղությամբ Իսրայելի ցամաքային հարձակման չեղարկում:

XS
SM
MD
LG