Մատչելի հղումներ

Իսրայելի ու «Համասի» միջև զինադադարի հաստատման գործում ներգրավված է նաև ԿՀՎ ղեկավարը


ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության տնօրեն Ուիլյամ Բըրնս
ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության տնօրեն Ուիլյամ Բըրնս

«Համասի» հետ կապված խմբավորումներից մեկն է ստանձնել է «Կերեմ-Շալոմ» անցակետի վրա հարձակման պատասխանատվությունը։ Գրոհի հետևանքով իսրայելական կողմը զոհեր ունի։

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն կիրակի վերստին բացառել է Գազայում ռազմական գործողությունները դադարեցնելու «Համասի» առաջարկի՝ իսրայելացի պատանդներին ազատ արձակելու դիմաց։

«Համասի» պատվիրակությունը տեղեկացրել է, թե դադարեցնում է Կահիրեում ընթացող բանակցությունները՝ իր ղեկավարության հետ խորհրդակցելու նպատակով:

Ներկայում ընթացող բանակցություններում որպես միջնորդներ են հանդես գալիս Կատարն ու Եգիպտոսը։ Ուստի, պտահական չէ, որ ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության տնօրեն Ուիլյամ Բըրնսը, ով գտնվում էր Կահիրեում, այնտեղից ուղղություն է վերցրել Դոհա՝ հանդիպելու Կատարի վարչապետին:

«Բըրնսը մեկնում է Դոհա՝ հանդիպելու Կատարի վարչապետին, և նպատակն է առավելագույն ճնշում գործադրել Իսրայելի և «Համասի» վրա՝ բանակցությունները շարունակելու համար»,- հայտնել է բանակցություններից քաջատեղյակ անանուն աղբյուրը:

«Համասն» ընդունել է Գազայում հրադադարի համաձայնագրի պայմանները. հերթը՝ Իսրայելինն է
please wait

No media source currently available

0:00 0:03:08 0:00

Ինչևէ, Կահիրեում ընթացող բանակացությունների երկրորդ օրը նույնպես «Համասի» ներկայացուցիչները շարունակել են պնդել, որ զինադադարը պետք է մեկընդմիշտ վերջ դնի ռազմական գործողություներին։

Իսրայելցի պաշտոնյաները դեռ անարձագանք են թողնում Եգիպտոսի մայրաքաղաքի բանակցությունները, սակայն վարչապետ Բենիամին Նեթանյահուն կիրակի կրկնել է, թե հրեական պետության նպատակն է մեկընդմիշտ չեզոքացնել «Համասը»:

«Մինչ Իսրայելը ցույց է տալիս [խաղաղության հասնելու] իր պատրաստակամությունը, «Համասը» շարունակում է պահանջել մեր բոլոր ուժերի դուրս բերում Գազայի հատվածից, պատերազմի դադարեցում և «Համասի» իշխանության պահպանում։ Իսրայելը չի կարող համաձայնել դրան»,- ասել է Նեթանյահուն:

Պաղեստինցի պաշտոնյան կիրակի Reuters-ին փոխանցել է, որ «եթե Նեթանյահուն չփոխի իր կարծիքը, ապա որևէ պատճառ չկա շարունակել [բանակցությունները]»:

«Դրանք միշտ կարող են վերսկսվել, եթե իրավիճակը փոխվի»,- ասել է Reuters-ի զրուցակիցը:

Նույն լրատվական գործակալությանը պաղեստինցի մեկ այլ պաշտոնյա փոխանցել է, որ «Կահիրեում ընթացող բանակցությունները մոտ են ձախողման»:

Իր հերթին՝ Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտը հայտարարել է, որ «Համասը», ըստ ամենայնի, լուրջ չէ վերաբերվում զինադադար հասնելուն․ «Տագնապալի նշաններ ենք նկատում, որ «Համասը» մտադիր չէ մեզ հետ համաձայնության գալ: Սա նշանակում է, որ մոտ ապագայում վճռական ռազմական գործողություններ կսկսվեն Ռաֆահում և [Գազայի] մնացած հատվածներում»:

Նեթանյահուի ելույթից անմիջապես հետո հրապարակված հայտարարությունում «Համասի» ղեկավար Իսմայիլ Հանիյան ընդգծել է, թե խմբավորումը հավատարիմ է համապարփակ զինադադարի գաղափարին: Սակայն գրեթե միաժամանակ՝ կիրակի «Համասի» հետ կապված խմբավորումը ստանձնեց Իսրայելն ու Գազայի հատվածն իրար կապող «Կերեմ-Շալոմ» անցակետի վրա հարձակման պատասխանատվությունը: Դատելով իսրայելական և պաղեստինյան լրատվամիջոցների հաղորդագրություններից՝ հարձակման հետևանքով իսրայելական կողմը զոհեր ունի։

Իսրայելական բանակի ներկայացմամբ, 10 արկ է արձակվել Գազայի հարավում գտնվող Ռաֆահ բնակավայրից դեպի նշված անցակետ, որն այժմ փակ է բեռնատարների համար: Մյուս անցակետերը շարունակում են գործել։

Երկուշաբթի հայտնի է դարձել, որ «Համասի» առաջնորդներն ընդունել են Գազայում հրադադարի համաձայնագրի պայմանները շաբաթավերջին Կահիրեում շարունակվող բանակցություններից հետո: «Համասն» ասում է, որ «գնդակն այժմ Իսրայելի դաշտում է», սակայն Իսրայելի իշխանությունները չեն շտապում պատասխանել։ Հիշեցնենք, որ ԱՄՆ-ը, ԵՄ-ը և իրենց դաշնակիցները «Համասը» ճանաչում են ահաբեկչական խմբավորում:

XS
SM
MD
LG