Մատչելի հղումներ

Վաշինգտոնը ողջունում է Երևանի ու Բաքվի միջև համաձայնությունը «Ալմա Աթայի հռչակագիրը որպես սահմանների սահմանազատման հիմք օգտագործելու մասին»


Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիև, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքեն, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյան
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիև, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքեն, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյան

ԱՄՆ պետքարտուղարությունը տեղեկացնում է, որ ապրիլի 28-ին պետքարտուղար Բլինքենը հեռախոսազրույցներ է ունեցել Հայաստանի ու Ադրբեջանի առաջնորդների հետ, ուր վերահաստատել է ԱՄՆ-ի հանձնառությունն աջակցելու Երևանի ու Բաքվի միջև համաձայնությանը: 

ԱՄՆ պետքարտուղարության մամլո խոսնակ Մեթյու Միլլերը պետքարտուղարության տարածած տեղեկության միջոցով հաղորդել է Հայաստանի ու Ադրբեջանի առաջնորդների հետ ԱՄՆ պետքարտուղար Բլինքենի՝ ապրիլի 28-ին ունեցած առանձին հեռախոսազրույցների մասին: Պետքարտուղարության տեղեկության համաձայն Էնթոնի Բլինքենը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ զրույցում ողջունել է «Ալմա Աթայի հռչակագիրը որպես սահմանների սահմանազատման հիմք օգտագործելու Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնությունը։» Հայաստանի վարչապետի հետ հանդիպման մասին պետքարտուղարության հաղորդագրության մեջ ասված է.

«Պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ՝ վերահաստատելու համար ԱՄՆ-ի աջակցությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի շուրջ առաջընթացին: Պետքարտուղար Բլինքենը կրկին հաստատել է, որ Միացյալ Նահանգները ողջունում է Ալմա Աթայի հռչակագիրը որպես սահմանների սահմանազատման հիմք օգտագործելու Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնությունը։ Պետքարտուղար Բլինքենը նշել է, որ ԱՄՆ-ը շարունակական ջանքեր է գործադրում Հայաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը, ինչպես նաև Հայաստանի բարգավաճ, ժողովրդավարական և անկախ ապագայի վերաբերյալ վարչապետ Փաշինյանի տեսլականն աջակցելու ուղղությամբ», ասված է պետքարտուղարության հաղորդագրության տեքստում:

Նույն օրը ԱՄՆ պետքարտուղարության խոսնակի անունից տարածված հաղորդագրությունը տեղեկացնում է ապրիլի 28-ին պետքարտուղար Բլինքենի ու Ադրբեջանի նախագահ Ալիևի միջև կայացած հեռախոսազրույցի մասին: Ըստ հաղորդագրության՝ «պետքարտուղար Էնթոնի Բլինքենն այսօր հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Պետքարտուղարն երախտագիտություն է հայտնել նախագահ Ալիևին անցյալ շաբաթվա այն հայտարարության համար, որ Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնել են օգտագործել 1991թ. Ալմա Աթայի հռչակագիրը որպես սահմանների սահմանազատման հիմք, և ընդգծել դրա կարևորությունը երկու կողմերի համար կայուն և արժանապատիվ խաղաղությանը հասնելու նպատակով։ Պետքարտուղարը հորդորել է նախագահ Ալիևին շարունակել երկխոսությունը իր հայ գործընկերոջ հետ՝ վերահաստատելով ԱՄՆ-ի պատրաստակամությունը այդ ջանքերին աջակցելու համար։ Պետքարտուղար Բլինքենն ընդգծել է ԱՄՆ-ի և Ադրբեջանի միջև ամուր երկկողմ հարաբերություններ ունենալու մեր [ԱՄՆ-ի] ցանկությունը՝ ընդգծելով մեր ջանքերը՝ համագոծակցելու էներգետիկ, կլիմայի և կապի ոլորտներում փոխադարձ նպատակների շուրջ և ապահովելու Բաքվում COP 29-ի [համաժողովի] հաջողությունը: Նա ողջունել է Ադրբեջանի կողմից Գուբադ Իբադօղլուի խափանման միջոցի փոխարինումը տնային կալանքով որպես մարդասիրական ժեստ և կոչ արել նրան շուտափույթ ազատ արձակել։ Պետքարտուղար Բլինքենը կրկին հորդորել է Ադրբեջանին հավատարիմ մնալ մարդու իրավունքների պաշտպանության միջազգային իր կողմից ստանձնած պարտավորություններին և ազատ արձակել նրանց, ովքեր Ադրբեջանում անարդարացիորեն կալանավորվել են», նշված է պետքարտուղարության հաղորդագրության մեջ:

XS
SM
MD
LG