Մատչելի հղումներ

Գերմանիան հետ է կանչել Ռուսաստանում իր դեսպանին՝ Մոսկվային մեղադրելով կիբեռլրտեսության մեջ


Գերմանիան հետ է կանչել Ռուսաստանում իր դեսպանին՝
Գերմանիան հետ է կանչել Ռուսաստանում իր դեսպանին՝

Կիբեռհարձակումների հետևում կանգնած է APT 28 խումբը, որը կապված է ռուսական ռազմական հետախուզության՝ ГРУ-ի հետ։

Գերմանիան հետ է կանչել Ռուսաստանում իր դեսպանին՝ Մոսկվային մեղադրելով գերմանական ռազմա-արդյունաբերական ու օդատիեզերական ձեռնարկությունների դեմ կիբեռհարձակումների, ինչպես նաև Գերմանիայի իշխող կուսակցության դեմ գործողությունների մեջ։

Այս մասին երկուշաբթի հայտարարել է Գերմանիայի արտգործնախարարության մամուլի քարտուղարը․ «Արտգործնախարարը խորհրդակցությունների համար Բեռլին է կանչել դեսպան [Օտտո] Գրաֆ Լամբսդորֆին»։

Ըստ խոսնակի, կիբեռհարձակումների հետևում կանգնած է APT 28 խումբը, որը կապված է ռուսական ռազմական հետախուզության՝ ГРУ-ի հետ:

Լամբսդորֆն առնվազն մեկ շաբաթ կանցկացնի Բեռլինում, որից հետո կվերադառնա Մոսկվա՝ հավելել է Գերմանիայի ԱԳՆ ներկայացուցիչը։

Պաշտոնական Բեռլինի ներկայացմամբ, կիբեռհարձակումները, որոնք սկսվել են դեռ երկու տարի առաջ, ուղղված են եղել Գերմանիայի իշխող՝ Սոցիալ-դեմոկրատական կուսակցության, ինչպես նաև լոգիստիկայով, ռազմա-արդյունաբերությամբ, օդատիեզերական խնդիրներով և տեղեկատվական տեխնոլոգիաներով զբաղվող գերմանական ընկերությունների դեմ:

Հաղորդվում է, թե APT 28-ը, որը հայտնի է նաև Fancy Bear անվամբ, օգտագործել է Microsoft Outlook-ի խոցելիությունը՝ էլ․փոստի օգտահաշիվները կոտրելու համար:

Թիրախավորվել են նաև այլ երկրներ՝ Լիտվան, Լեհաստանը, Սլովակիան, Չեխիան և Շվեդիան:

Միևնույն ժամանակ, ըստ ֆրանսիական դիվանագիտական աղբյուրների, Փարիզը մտադիր է Մոսկվայում իր դեսպանին գործուղել այս երեքշաբթի՝ մայիսի 7-ին կայանալիք Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողությանը:

Այս տեղեկության ֆոնին աչք է ծակում բալթյան երկրների դիրքորոշումը, որոնք անգամ դեսպանորդներ չունեն Մոսկվայում։ Էստոնիան, Լատվիան ու Լիտվան կտրականապես հրաժարվել են մասնակցել երդմնակալությանը։

Եվրոպացի երկու դիվանագետներ հայտնել են, որ չեն ակնկալում, թե Ռուսաստանում Միացյալ Նահանգների դեսպանը նույնպես ներկա կգտնվի Պուտինի երդմնակալությանը, թեև Վաշինգտոնը հրապարակավ չի արտահայտվել այդ մասին:

«Կարծում ենք, որ Ռուսաստանի և նրա հանցագործ առաջնորդի մեկուսացումը պետք է շարունակվի։ Լիտվայի համար անընդունելի է Պուտինի երդմնակալությանը մասնակցելը: Մեր առաջնահերթությունն է աջակցել Ուկրաինային և նրա ժողովրդին, որոնք պայքարում են ռուսական ագրեսիայի դեմ»,- նշել է Լիտվայի արտգործնախարար Գաբրիելիուս Լանդսբերգիսը։

Այս ամենի ֆոնին Մոսկվան երկուշաբթի հայտարարել է, թե զորավարժություններ կանցկացնի՝ փորձարկելու մարտավարական նշանակության միջուկային զենքի բացազատումը: Ռուսաստանի պաշտպանության նախարարությունն ընդգծում է՝ զորավարժություններն անցկացվելու են Պուտինի հրամանով։

Ամերիկյան գիտնականների ֆեդերացիայի տվյալներով, Ռուսաստանն ունի առնվազն 1 558 մարտավարական նշանակության միջուկային մարտագլխիկներ: Հստակ թիվը հայտնի չէ:

Դեռ անցած տարի ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը կարծիք էր հայտնել, որ Ռուսաստանի կողմից միջուկային զենքի կիրառումը իրատեսական չէ, սակայն, CNN-ի հաղորդմամբ, ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյաները քննարկել են Ուկրաինայի վրա ռուսական միջուկային հարձակման հավանականությունը:

Արևմտյան և ուկրաինական որոշ պաշտոնյաների համոզմամբ, Մոսկվայի սպառնալիքները բլեֆ են:

«Այստեղ նորություն չկա։ Միջուկային շանտաժը Պուտինի ռեժիմի մշտական գործելաոճն է»,- նշել է Ուկրաինայի ռազմական հետախուզության խոսնակ Անդրեյ Յուսովը։

XS
SM
MD
LG