Մատչելի հղումներ

Ի՞նչ արդյունքներ գրանցեց վարչապետ Փաշինյանի այցը Մոսկվա


Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 8-ին աշխատանքային այցով Մոսկվայում էր, ուր կայացավ նրա հանդիպումը Ռուսատանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 8-ին աշխատանքային այցով Մոսկվայում էր, ուր կայացավ նրա հանդիպումը Ռուսատանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:

ՀՀ-ի վարչապետն օրերս աշխատանքային այցով Մոսկվայում էր՝ նախագահելու Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը ու հանդիպելու Ռուսատանի նախագահ Պուտինին:

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 8-ին աշխատանքային այցով Մոսկվայում էր, ուր կայացավ նրա հանդիպումը Ռուսատանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:

«Վերջին անգամ մենք հանդիպել ենք [անցած տարվա] դեկտեմբերին։ Այս ընթացքում, իհարկե, կուտակվել են հարցեր, որոնք պետք է քննարկել»,- Պուտինի հետ հանդիպմանը ասաց Հայաստանի վարչապետը՝ հավելելով․ «Տնտեսական հատվածն արդեն քննարկել ենք [ԵԱՏՄ] նիստի ընթացքում, և վստահ եմ, որ այժմ կքննարկենք երկկողմ հարաբերությունների կարևորագույն հարցերը, տարածաշրջանային հարցերը»:

Իր հերթին՝ Պուտինը կարևորեց տնտեսական համագործակցությունն ու աննախադեպ ծավալի՝ յոթ միլիարդ դոլարի հասած երկկողմ առևտրաշրջանառությունը․ «Իհարկե, կան հարցեր ոչ միայն առևտրաշրջանառության աճի հետ կապված, կան հարցեր, որոնք վերաբերում են տարածաշրջանում անվտանգությանը, այժմ բաց ռեժիմով դրանք չենք քննարկի, բայց կա հնարավորություն ԵԱՏՄ աշխատանքի հարթակում խոսել մեր հարաբերությունների ողջ համալիրի շուրջ, այդ թվում՝ անդրադառնալ տարածաշրջանում անվտանգության հարցերին»:

Հանդիպման արդյունքում հայտնի դարձավ, որ ռուսական կողմը դուրս է բերելու իր սահմանապահ ստորաբաժանումները Հայաստանի Տավուշի, Սյունիքի, Վայոց ձորի, Գեղարքունիքի, Արարատի մարզերից, որոնք այնտեղ էին տեղակայվել 44-օրյա պատերազմից հետո:

Նորություն չէ, որ ռուսաստանցի սահմանապահները դուրս են բերվելու նաև Երևանի «Զվարթնոց» օդանավակայանից: Ռուսաստանի նախագահի մամլո խոսնակ Դմիտրի Պեսկովի խոսքով, ռուսաստանյան սահմանապահ ուժերը, սակայն, կպահպանեն իրենց ներկայությունն Իրանի ու Թուրքիայի հետ Հայաստանի պետական սահմաններին:

Քաղաքական մեկնաբան Հովսեփ Խուրշուդյանը ողջունում է ռուսական զորքերի դուրս բերման մասին պայմանավորվածությունը՝ շեշտելով, որ ռուսական ուժերի այնտեղ տեղակայումը որևէ օգուտ չէր բերում, անգամ՝ վտանգավոր էր․ «Լավ է, որ հնարավոր դարձավ համաձայնության գալ ռուսական կողմի հետ Ադրբեջանի հետ սահմանի ողջ երկայնքով ռուսական զորքերի դուրս բերման մասին: Նրանց ներկայությունն այնտեղ շատ ռիսկային էր, որովհետև մշտապես առկա էր իրենց կողմից թիկունքից հարվածելու վրանգ»։

Ի՞նչ արդյունքներ գրանցեց վարչապետ Փաշինյանի այցը Մոսկվա
please wait

No media source currently available

0:00 0:04:49 0:00

Այստեղ հարկ է հիշեցնել ԱՄՆ պետքարտուղարության այս փետրվարին հնչեցրած արձագանքը՝ ի պատասխան ՀԱՊԿ-ին Հայաստանի անդամակցության և հայ-ռուսական հարաբերությունների մասին «Ամերիկայի ձայնի» հայկական ծառայության հարցմանը. «Մենք հարգում ենք Հայաստանի՝ որպես անկախ երկրի ցանկությունը՝ շարունակել իր ընտրած անվտանգային հարաբերությունները, և աջակցում ենք տարածաշրջանի բոլոր երկրների ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը»։

Անդրադառնալով Մոսկվայի հետ Երևանի հարաբերություններում առկա խնդիրներին՝ ԱՄՆ արտաքին քաղաքական գերատեսչությունը շեշտել էր, թե «Ռուսաստանը վստահելի կամ բարեխիղճ դաշնակից կամ գործընկեր չէ Հարավային Կովկասում կամ այլուր: Բազմիցս ականատես ենք եղել, որ Ռուսաստանին չեն հետաքրքրում Հայաստանի շահերը»։

Փաշինյանի մոսկովյան այցի նախօերին հայտնի դարձավ, որ Հայաստանը դադարեցնում է ՀԱՊԿ-ի գործունեության ֆինանսավորումը։ Factor.am-ի հարցմանն ի պատասխան՝ Հայաստանի ԱԳՆ մամլո խոսնակ Անի Բադալյանը, մասնավորապես, հայտնել էր, որ «Հայաստանի Հանրապետությունը ձեռնպահ կմնա «Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության 2024թ. բյուջեի մասին» ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի՝ 2023թ. նոյեմբերի 23-ի որոշմանը միանալուց և դրանով նախատեսված՝ կազմակերպության գործունեության ֆինանսավորմանը մասնակցելուց, միաժամանակ՝ չառարկելով տվյալ որոշման՝ սահմանափակ ձևաչափով ընդունմանը»:

«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ, այս փետրվարին՝ մոտ երկու տարի պաշտոնավարելուց հետո Հայաստանի հատուկ հանձնարարություններով դեսպանի պաշտոնը թողած Էդմոն Մարուքյանը ռուսական ազդեցության ներքո գտնվող կառույցների՝ ՀԱՊԿ-ի ու ԱՊՀ-ի հետ Երևանի հարաբերությունները բնորոշեց «շատ վատ և սառը», ԵԱՏՄ-ի հետ՝ «շահութաբեր»:

«Մենք այսօր շատ վատ և սառը հարաբերություններ ունենք ռուսական կամ Ռուսաստանի Դաշնության կողմից հիմնադրված կառույցների՝ ՀԱՊԿ-ի, ԱՊՀ-ի հետ, իսկ ԵԱՏՄ-ի մասով առանձին [պատմություն] է, որովհետև այնտեղ մեր տնտեսական ցուցանիշները շատ լավ են: Այդ միությունն այսօր մեր տնտեսությանը շատ շահույթներ է բերում: Այդ մասով Հայաստանի վարչապետն ասուլիսին ասել է, որ քննադատելու բան լինի՝ կքննադատե՛նք»,- ասում է Մարուքյանը:

Ինչպես ասացինք, վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Մոսկվա կատարած այցի նպատակներից էր նաև մասնակցությունը Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի հերթական նիստին, որն անցավ Հայաստանի նախագահության ներքո: Վարչապետի մամլո ծառայության համաձայն, նիստին, «բացի ԵԱՏՄ երկրների առաջնորդներից, մասնացել են նաև ԵԱՏՄ-ում դիտորդ երկրի կարգավիճակ ունեցող Ուզբեկստանի ու Կուբայի նախագահները»։

Ընդլայնված կազմով նիստին Հայաստանի կառավարության ղեկավարը հանդես է եկել ելույթով՝ անդրադառնալով նաև «Խաղաղության խաչմերուկ» նախագծին. «Տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացումը լրացուցիչ խթան կհաղորդի մեր երկրների ապրանքաշրջանառության աճին։ Այս համատեքստում ևս մեկ անգամ կնշեմ ՀՀ կառավարության նախաձեռնած «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, որի նպատակն է ստեղծել անհրաժեշտ լոգիստիկ պայմաններ բոլոր շահագրգիռ պետությունների միջև առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման համար՝ պետությունների ինքնիշխանության և իրավազորության, հավասարության և փոխադարձության լիարժեք հարգման հիման վրա»։

XS
SM
MD
LG